National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.05.2023
Խորհրդարանը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
1 / 5

2022 թվականի փետրվարին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, միջազգային տնտեսական եւ ֆինանսական շուկաներում եղան լուրջ վայրիվերումներ: Ամբողջ աշխարհում պարենի եւ հումքի գները, ինչպես նաեւ ֆինանսական շուկաներում ռիսկայնության մակարդակը էապես աճեց: 2022 թվականի գնաճը ՀՀ-ում սկսեց աճել, եւ ԿԲ-ն ստիպված եղավ դիմել տոկոսադրույքների աճի քաղաքականությանը: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

Խորհրդարանը մայիսի 25-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Ըստ հիմնական զեկուցողի՝ 2022 թվականի ընթացքում ՀՀ իրական եւ ֆինանսական հոսքերի արդյունքում ՀՀ պոտենցիալը որոշակիորեն աճել է: «ԿԲ-ն այս պահի դրությամբ կանխատեսում է, որ գնաճը շարունակելու է նվազել, ինչը շատ կարեւոր հանգամանք է: Միաժամանակ, խորհուրդը գտնում է, որ պետք է լինենք շատ ուշադիր, հասկանանք, թե որոնք են գնաճի նվազման իրական պատճառները եւ զերծ լինենք տնտեսական գերտաքացումներից, ինչը թույլ կտա, որպեսզի մենք ունենանք կայուն եւ երկարաժամկետ տնտեսական աճ: Դրան է ուղղված լինելու նաեւ 2023 թվականի մեր դրամավարկային քաղաքականություն: Մենք սպասում ենք, որ այս տարվա վերջին կունենանք մոտ 3 տոկոս գնաճ»,- ասել է Արմեն Նուրբեկյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հնչեցրած հարցերից առաջինը վերաբերել է փոխարժեքի տատանման արդյունքում արտահանողների մոտ առաջացած դժվարություններին: ԿԲ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը փոքր է եւ բաց, եւ երբ աշխարհում իրողությունների փոփոխությամբ շոկեր են լինում, ՀՀ-ում բնականաբար դա պետք է արտահայտվի: «Այդ պարագայում ընկերությունները պետք է նկատի ունենան, որ այդպիսի ռիսկեր կան: Մենք իսկապես էական աշխատանք ենք կատարել: Անցյալ տարվա արդյունքով արդեն առնվազն 4 բանկեր «forward» պայմանագրեր են տալիս: Այն թույլ է տալիս զերծ մնալ փոխարժեքի տատանման ռիսկերից»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:

Անդրադառնալով Բաբկեն Թունյանի երկրորդ՝ անկանխիկ գործարքների հետ կապված հնարավոր խնդիրներին վերաբերող հարցին՝ Արմեն Նուրբեկյանը նշել է, որ 2022 թվականի ընթացքում ենթակառուցվածքներում կատարվել են լուրջ ներդրումներ, եւ այսօր արդեն 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում հնարավորություն կա կատարելու անկանխիկ գործարքներ: ԿԲ նախագահի տեղակալը եւս անթույլատրելի է համարել բանկերի կողմից կանխիկ եւ անկանխիկ գնումների ժամանակ գնային էական տարբերությունները: «Սա մեզ համար անթույլատրելի վարքագիծ է եւ մենք պետք է դրան համապատասխան դիրքորոշում ներկայացնենք»,- նշել է նա:

Պատասխանելով Բաբկեն Թունյանի՝ ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների համատեքստում Հայաստանի՝ լրացուցիչ կամ երկրորդական պատժամիջոցների տակ հայտնվելու մասին հարցին՝ հիմնական զեկուցողն ասել է. «ՀՀ-ն պետք է զերծ մնա կամայական, առաջնային կամ երկրորդական սանկցիաներից: Սա ԿԲ-ի եւ, կարծում եմ, Կառավարության համար բացարձակ անհրաժեշտություն է»:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվել է ՀՀ-ում գրանցված տնտեսական աճով: «ՀՀ-ում, իրոք, 2022 թվականին եղել է շատ բարձր տնտեսական աճ: Բայց, միեւնույն ժամանակ, մենք զերծ ենք մնացել մեծ գերտաքացումներից, ինչպես նաեւ բարձր տնտեսական աճին զուգահեռ ունեցել ենք ցածր գնաճ»,- շեշտել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը:

Արմեն Խաչատրյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի բանկային քաղաքականություն է իրականացվում օտարերկրյա քաղաքացիների համար, որպեսզի վերջիններիս համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն հիպոտեկով բնակարաններ գնելու կամ նոր տնտեսական գործունեություն ծավալելու համար: «Բանկային համակարգը շահագրգռված է վարկավորումն էապես աճեցնելու համար»,- ասել է Արմեն Նուրբեկյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am